2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՏԱՂՏԿԱԼԻ, ԳՌԵՀԻԿ, ՀՆԱԲՈՒՅՐ ԲԱՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ, ՀԵՏՈ ԲՈՂՈՔՈՒՄ, ԹԵ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ԳՐՔԻՑ»

«ՏԱՂՏԿԱԼԻ, ԳՌԵՀԻԿ, ՀՆԱԲՈՒՅՐ ԲԱՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ, ՀԵՏՈ ԲՈՂՈՔՈՒՄ, ԹԵ ԸՆԹԵՐՑՈՂԸ ԵՐԵՍ Է ԹԵՔԵԼ ԳՐՔԻՑ»
28.09.2010 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ: Այս տարի անվանի արվեստագետն արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգևին` «Արվեստների և գրականության սպայի» շքանշանի: Այդ շքանշանն ունի երեք աստիճան` ասպետ, սպա և կոմանդոր, շնորհվում է ըստ հերթականության։ Ալեքսանդր Թոփչյանի դեպքում բացառություն է արվել և միանգամից շնորհվել սպայի աստիճան:
-Դուք բազմաթիվ մրցանակներ եք ստացել նաև հայրենիքում: Ինչո՞վ է առանձնանում այս մրցանակը. անսպասելի՞ էր, ի՞նչ զգացողություն ունեցաք:
-Ոչ, անսպասելի չէր, ես գիտեի, որ ինձ ներկայացրել են շքանշանի: Սակայն անսպասելի էր, որ ներկայացնելուց առաջ պետական մի բարձր մարմին ինձ հայտնեց, որ ցանկություն կա ինձ ներկայացնելու: Այսինքն, նախաձեռնությունը ֆրանսիական կողմից էր: Հարցնում եք, թե ինչ զգացողություն ունեցա… Զարմանքի, խորին երախտագիտության, որ իմ աշխատանքն այսպես բարձր է գնահատվում Ֆրանսիայում։ Միաժամանակ` ափսոսանքի և նույնիսկ ցավի զգացում։ Երանի մենք էլ մեր մշակույթի երախտավորներին այս կերպ վարձահատույց լինեինք, չստիպեինք նրանց ստորանալ, դռներ ծեծել, ծանոթներ ու բարեխոսներ մեջ գցել, երբեմն էլ զազրելի և ամոթալի միջոցների դիմել: Արժանապատվություն ունեցող մարդը չի գնա խնդրի, իբր, գիտե՞ք, ես վաստակ, ծառայություններ ունեմ, ինձ կոչում տվեք, շքանշան տվեք… Նախաձեռնությունը պետք է հիմնականում վերևից գա: Բայց միաժամանակ վախենում ես, հարց տալիս, թե ովքեր են լինելու նախաձեռնողները, արդյոք չի՞ կրկնվի առակի ծանոթ պատմությունը, երբ լավագույն երգչի մրցանակը սոխակին հանձնելու փոխարեն, ագռավը կախում էր իր ճուտիկի վզից:
-Հայաստանում մրցանակ են ստանում անունները: Որպես կանոն, մրցույթներն անցնում են ոչ այնքան քաղաքակիրթ մթնոլորտում, ոչ այնքան թափանցիկ: Ընթերցողի հետաքրքրությունն էլ չի փոխվում մրցանակ ստացած գրողի ու նրա ստեղծած գրականության նկատմամբ: ՈՒրեմն, ի՞նչ են տալիս ամենամյա մրցանակները, և ինչպիսի՞ն կուզենայիք` լինեին:
-Համաձայն եմ, հիմնականում անուններն են ստանում, բայց նաև՝ արժեքավոր գործերը: Թույլ տվեք իմ օրինակը բերել։ 2006 թ. իմ՝ «Եվ անգամ մահից հետո» վեպն արժանացավ հանրապետության նախագահի մրցանակին, իմ մրցակիցն էր լուսահոգի Արմեն Մարտիրոսյանը՝ իր «Մազե կամուրջ» հրաշալի վեպով: Երկուսիս գործերն էլ բարձր գնահատանքի արժանացան: Մասնավորապես, իմ վեպի մասին մոտ երեսուն անդրադարձ եղավ Հայաստանի և սփյուռքի մամուլում, բոլորը` դրական, նույնիսկ հիացական: Ասեմ նաև, որ գիրքն էլ լավ վաճառվեց և ընթերցվեց, եզակի երևույթ մեր օրերի համար։ Այնպես որ, գործից է կախված: Տաղտկալի, գռեհիկ, հնաբույր բաներ են գրում, հետո բողոքում, թե ընթերցողը երես է թեքել գրքից: Իհարկե, պիտի թեքի և լավ էլ կանի: Այդ գրքերը ոչ թե գրախանութներում, այլ դեղատներում պետք է վաճառել, որպես անխափան գործող քնաբերներ, գոնե այդպես մի օգուտ կտան: Ինչ վերաբերում է մյուս մրցանակներին՝ պետական, թե նախագահական, այո, այնտեղ էլ «անուններ» են, բայց նաև գործեր կան: Ես, օրինակ, գրախոսել եմ Արտեմ Հարությունյանի, Դավիթ Հովհաննեսի և Հենրիկ Էդոյանի՝ մրցանակի արժանացած գրքերը, դրանք իսկապես երևույթներ էին մեր գրականության համար: Ինձ ծանոթ են Ռուբեն Հովսեփյանի և Վահագն Մուղնեցյանի վեպերը, բարձրարժեք ստեղծագործություններ, որոնք լիովին արժանի էին մրցանակի: Այնպես որ, չնայած որոշ մերժելի երևույթներին, կարող ենք ասել, որ հիմնականում արժանավոր գործերն են խրախուսվում:
-Արվեստագետը լավ չի զգում իրեն մեր երկրում. ի՞նչ կա դրսում, որ չկա մեզ մոտ:
-Այդ հարցին դժվար է պատասխանել: Հավանաբար, կախված է մարդու, արվեստագետի տեսակից: Անձամբ ես կյանքիս մեծ մասն ապրել եմ Հայաստանում, հիմա էլ ամեն տարի հինգ-վեց ամիս անցկացնում եմ այստեղ և բողոքելու պատճառներ չունեմ, չնայած ստեղծագործական կյանքիս առաջին իսկ տարիներից լուրջ դժվարությունների և նույնիսկ արգելքների եմ հանդիպել, և դրանք ինձ ամենևին թևաթափ չեն արել: Ընդհակառակը, ավելի են բորբոքել ինքնահաստատման ձգտումը: Ես կասեի` նույնիսկ նպաստել են յուրովի: Սակայն ամեն մեկն իր ճակատագիրն ունի: Մանավանդ այսօր, երբ թվացյալ առավելությունների և ստեղծագործական ազատության հետ չկա ստեղծագործական լիարժեք կյանք: ՈՒստի ոմանք հայացքներն ուղղում են դեպի դուրս։ Չգիտեմ, ինչպես գնահատել այս երևույթը: Ի՞նչ ճակատագիր կունենար Արամ Խաչատրյանը, եթե չգնար Մոսկվա, ինչպիսի՞ն կլիներ Աբովյանի, Սունդուկյանի, Վարուժանի, Ռուբեն Սևակի, Թեքեյանի, Լևոն Շանթի, Տերյանի ստեղծագործությունը, եթե չուսանեին Եվրոպայում և Ռուսաստանում։ Բայց միայն դժգոհությունը չէ սեփական երկրից, որ գրողին ստիպում է հեռանալ: Այսօր Ֆրանսիայում ապրում են արվեստի ու գրականության մի քանի տասնյակ աշխարհահռչակ դեմքեր՝ եվրոպական, ամերիկյան ու ասիական երկրներից: Օրինակ, ամերիկացի նշանավոր գրող Պոլ Օստերն արդեն քանի տարի ապրում է Փարիզում, և չես ասի, թե պատճառը դժգոհությունն է… Դրսում միշտ կա մի բան, որ պակասում է սեփական երկրում: Տա՛ Աստված, Հայաստանն էլ դառնա այնպիսի վայր, որ հրապուրի օտար տաղանդներին:
-Համահարթեցում, արժեքների վերափոխում. այս ամենն իր արտահայտությունն է գտել նաև ժամանակակից գրականության մեջ և հաճախ ընկալվում է որպես նորարարություն: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը: Յուրաքանչյուր սերունդ, ի վերջո, իր հետ նորամուծություն է բերում:
-Նորարարությունն արվեստում և գրականության մեջ ծնվում է այն ժամանակ, երբ հասարակությունն իր մեջ հասունացած երևույթների արտացոլումն է ուզում տեսնել արվեստում: Դա հանդիպակաց շարժում է, մեկը մյուսին գնում է ընդառաջ: Նոր երևույթները պահանջում են նոր խոսք և նոր կերպավորում: Դարասկզբին Եվրոպան համակած համաշխարհային աղետի կանխազգացումները ծնեցին Գուստավ Կլիմտի կտավները, Ստրինդբերգի «ՈՒրվականների սոնատը», Ռուբեն Սևակի «Ստինքը» հանճարեղ բանաստեղծությունը, նրանց գործերում սերը և մահը նույնացել էին մի ակնթարթի մեջ: Դա իսկապես նորարարություն էր, նոր խոսք արվեստում: Նրանց մռայլ մարգարեությունները հաստատվեցին մի քանի տարի անց՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Նորարարությունը պետք է «պատվիրված», պահանջարկված լինի ժամանակի, հասարակության կողմից, այլապես դա կլինի կապկում կամ գավառական մոդեռնի ծեքծեքում: Այսօր երիտասարդների գրականության մեջ ես հանդիպում եմ հետաքրքիր փորձարկումների, սակայն դրանք անկարելի է նորարարություն համարել, ոչ միայն որ անմիջապես նախատիպարն եմ հիշում (դա այնքան էլ վտանգավոր չէ, ի վերջո, գրականությունը ծնվում է գրականությունից, և զուգահեռներ միշտ կլինեն), այլ որ այսօր մեր գրականության մեջ «երկկողմանի երթևեկություն» չկա, հասարակությանը բացարձակապես չի հետա-քրքրում, թե ինքն ինչպես կներկայանա գրականության հայելու մեջ: Ի դեպ, Ստենդալը գրում էր, որ վեպը մեծ ճանապարհի եզրին դրված հայելի է: Այսօր այդ հայելին հայտնվել է անորոշ մի տեղում և անկանոն, կցկտուր պատառիկներ է արտացոլում մեր «ճանապարհից»:
-Մեզ մոտ հաճախ են դժգոհում ընթերցանության պակասից, դա համընդհանո՞ւր խնդիր է: Ինչպիսի՞ն է Ֆրանսիայում վերաբերմունքը գրողի ու գրականության նկատմամբ:
-Գրքի վաճառքը նվազում է ամբողջ աշխարհում, սակայն ընթերցողների քանակը մնում է գրեթե նույնը, գրքին փոխարինում են արդիական ուրիշ միջոցներ: Եվ, չնայած դրան, Փարիզում կարծես գրախանութները չեն փակվում, աշխույժ առևտուր է ընթանում: Պետությունը հովանավորչական քաղաքականություն է վարում գրքի հանդեպ: Փարիզում գտնվող Գրքի ազգային կենտրոնն ամեն տարի հսկայական գումարներ է ծախսում` աշխարհով մեկ ֆրանսալեզու գրականության տարածման համար: Էլ չեմ ասում բազմաթիվ հիմնադրամների մասին, որոնք օգնում են գրողին, թարգմանչին կամ հրատարակչին: Հայաստանում հարյուրավոր գրախանութներ փակվեցին, պատճառն ամենևին տեխնիկական նորությունները չէին։ Հապա ի՞նչ կուզեիք, ցուրտ տարիներին մարդիկ Լեոյի հատորներով տունն էին տաքացնում, իսկ գրողներից մեկն էլ խորհուրդ էր տալիս մարքսիզմի դասականների հատորները վառել։ Նման բաներն անհետք չեն անցնում: Մեզանում տեղի ունեցավ գրքի սրբապղծում՝ ոչ միայն մակուլատուրայի և վառելիքի վերածելուց, այլև «գրական» աղբը շքեղաշուք տպագրությամբ մատուցելուց:
-Ասում են` գրականությունը դառնում է իրականություն… Ելնելով այսօր ստեղծվող գրականությունից և գրողի, գրականության նկատմամբ վերաբերմունքից, ըստ Ձեզ` ի՞նչ է լինելու վաղը։
-Գրականությունն այսօր չի կարող իրականություն դառնալ, հասարակության վրա նա այլևս նախկին ազդեցությունը չունի: 200 օրինակ տպագրվող, 20 օրինակ վաճառվող և միջին հաշվով 50 ընթերցող ունեցող գրքով անգամ հարևաններիդ մտայնությունը չես փոխի… Իրականությունը գրականությամբ մոդելավորելու ոսկեդարը տասնիններորդն էր: Ռուբեն Սևակն իր «Այլասերում» մարգարեական հոդվածում գրում էր. «Աշխարհիս բոլոր մարդասպաններն ու բոլոր չարագործները ձեռք ձեռքի տված՝ պիտի չկրնային այնքա՜ն խոստմնալի, այնքա՜ն ընտրված հոգիներ սպաննել, քան Շոփենհաուեր մը, Նիցշե մը, Պայրըն մը…»: Ես կավելացնեի նաև Գյոթեի անունը, որի «Վերթերը» ինքնասպանությունների մի շարք հրահրեց Եվրոպայում: Մեր գրողներից, հավանաբար, ամենից շատ Րաֆֆին է եղել իրականություն ձևավորողը: Նրա «Կայծեր» վեպը դասագիրք էր դարձել հայ ֆիդայիների համար: Գրականությունն այսօր իրականության հանդեպ կարող է երեք մոտեցում որդեգրել. post factum, այսինքն, արտացոլել կատարվածը, որի մեջ ինքը ոչ մի մասնակցություն չի ունեցել, մեկուսանալ ընդհանրապես, բայց ոչ փղոսկրյա աշտարակում, և տրվել մարգինալ-պարանոիդալ ցնորքին, ինչը հիմա կատարվում է աշխարհում, և երրորդը, որ կարելի է անվանել ապոկալիպսյան՝ այս քաղաքակրթության կործանման և մարդու վերջնական անասնացման հնարավոր սցենարները մշակել: Ի դեպ, 1993-ին խավար և ցուրտ բնակարանում գրված իմ «Կիրկե կղզին» վեպը, հավանաբար, այդ շարքին կարելի է դասել, և տասնյոթ տարի անց ես ցավով նշում եմ, որ չեմ սխալվել: Կա նաև չորրորդը՝ անհետացող, հազվագյուտ, որ տրված է միայն հատուկենտ խենթերին ու խիզախներին. գրականությամբ, քաղաքացիական ազնիվ կեցվածքով դիմակայել քաոսացվող աշխարհին: Այդպիսին են Դավիթ Հովհաննեսի և Արտեմ Հարությունյանի վերջին ժողովածուները:
-Ծրագրերի մասին։
-Մի նոր վեպի նախապատրաստական աշխատանքներն եմ սկսել: Վերնագիրն է «2021 թ. մարտի 15»: Դեպքերը տեղի են ունենալու անցած իննսուն և սպասվելիք տասը տարվա ընթացքում: Ինձ համար գրելը դյուրին է, դժվարը նախապատրաստվելն է, համոզված լինելը, որ արդեն հասել է ժամանակը: «Եվ անգամ մահից հետո» վեպի համար հարկ եղավ մոտ տասնհինգ տարի «թափ առնել», այս մեկը չգիտեմ, թե որքան կտևի: Զուգահեռ ուրիշ գործեր եմ անում՝ հոդվածներ, թարգմանություններ: Շուտով լույս կտեսնի շվեյցարացի փիլիսոփա, մշակութաբան Դենի դը Ռուժմոնի «Սիրո առասպելներ»-ը՝ իմ թարգմանությամբ: Այս ծանրակշիռ ուսումնասիրությունը, երեք տարի առաջ լույս տեսած «Սերը և Արևմուտքը» աշխարհահռչակ, ավելի քան երեսուն լեզվով թարգմանված գրքի երկրորդ հատորն է: Առաջին հատորը քար լռությամբ ընդունեց մեր մամուլը, հուսանք՝ երկրորդն ավելի բախտավոր կլինի: Բայց այս բոլորը մի կողմ. արդեն քանի տարի է, երազում եմ ընդամենը մեկ բան. մի քանի ամիս ոչ մի բանով չզբաղվել, մանավանդ չգրել, մեկուսանալ (հնարավորության սահմաններում) և հանգիստ, վայելելով վերընթերցել (առանց որևէ գործնական նպատակի) բոլոր այն գլուխգործոցները, որոնք ցնցել, տպավորել ու ձևավորել են ինձ: Այդ ցուցակը մեծ չէ, առավելագույնը երեսուն-քառասուն գիրք։ Եվ այդ բոլորը նորից կարդալուց հետո ուզում եմ լրջորեն խորհել` ի՞նչ ունեմ ավելացնելու դրանց։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ